2024 թվականի հունվար-մայիսին գրանցված
հանցագործությունների ընդհանուր քանակը
նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է՝ 15 հազար 876 դեպք՝ 16 հազար 350
դեպքի դիմաց։ Այս մասին civic.am-ը
տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Ըստ այդմ՝ 4 դեպքով աճել է
մասնավորապես առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ 928 դեպք՝ նախորդ
տարվա 924 դեպքի դիմաց։ Ոչ մեծ ծանրության
հանցագործության 7 430, միջին ծանության՝ 5 349, ծանր՝ 2169 դեպք է արձանագրվել անցած 5 ամիսներին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
այս տարի նվազել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակը՝ 3 178, որից
սպանություն՝ 728, սպանության փորձ՝ 28 դեպք։ Նախորդ տարվա համեմատ աճել են
մասնավորապես թրաֆիքինգի դեպքերը՝ այս տարվա հունվար-մայիսին՝ 15, նախորդ տարվա հունվար-մայիսին՝
6 դեպք։ Աճել են մասնավորապես նաև մարդու սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված
հանցագործությունները՝ նախորդ տարվա 5 ամիսներին 59, այս տարվա 5 ամիսներին՝ 66 դեպք։ Հարկ է նկատել, որ թմրամիջոցների հետ
կապված հանցագործությունները նվազել են՝
2023-ի հունվար-մայիսին արձանագրված 1 928
դեպքի դիմաց այս տարվա 5 ամիսներին արձանագրվել է 1 597
դեպք, որից թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ 1 583, դրանից՝ իրացնելու նպատակով՝ 809 դեպք։ Նախորդ տարվա հաշվետու
ժամանակաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1 896 դեպք էր արձանագրվել։
Ավազակություն՝ 30, կողոպուտ՝
44, գողություն՝ 2 400, խարդախություն՝ 1 046, յուրացում կամ վատնում՝ 159. սրանք էլ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվերն են այս տարվա 5 ամիսների կտրվածքով։ Նկատենք, որ մասնավորապես գողության դեպքերը, ի համեմատ 2023-ի նույն ժամանակահատվածի, նվազել են. նախորդ տարի արձանագրվել էր 2 775 գողության դեպք։
ՎԿ-ի տվյալները վկայում են՝
հաշվետու ժամանակահատվածում այս տարի, ի
տարբերություն նախորդ տարվա, աճել են պետական իշխանության, ծառայության և
կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 1 743 դեպք՝ 2023 թ. 1 613 դեպքի դիմաց։ Պաշտոնեական
լիազորություններ չարաշահելու և անցնելու 180 դեպք է արձանագրվել 2024-ի
հունվար-մայիսին՝ նախորդ տարվա 195 դեպքի դիմաց, կաշառք ստանալու, տալու, կաշառքի
միջնորդության 148 դեպք՝ նախորդ տարվա 101
դեպքի դիմաց։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը,
ի համեմատ նախորդ տարվա (62 դեպք), այս
տարվա 5 ամիսներին նվազել են՝ 49 դեպք։
Աճել են նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ
հանցագործությունները՝ 1 366 դեպք՝ 1 255 դեպքի դիմաց։
Հաշվետու ժամանակահատվածում
գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գծով նույնպես աճ է գրանցվել՝
416 դեպք՝ 375 դեպքի դիմաց։
Գրանցված
հանցագործությունների քանակով հաշվետու ժամանակաշրջանում առաջին տեղում Երևանն է,
որտեղ գրանցվել է հանցագործության 7 305
դեպք, երկրորդ տեղում Շիրակն է՝ 1 199, երրորդում՝ Լոռին՝ 1 196, այնուհետ
Արմավիրը՝ 1 404, հետո Կոտայքը՝ 1 140 դեպք։ Հաշվետու ժամանակաշրջանում ամենաքիչ
թվով հանցագործությունները՝ 211 դեպք, արձանագրվել են Վայոց ձորում։
Հ. Մ.